Եվգենի Պետրոսյանը 70 տարեկան է: Հոբելյանը նա կնշի բեմում` ամենահայտնի գործընկերների ընկերակցությամբ: Նրա երկրպագուներին սպասում է հրաշալի համերգային ծրագիր: Միայն անվանումն ինչ արժե` «70 տարեկան – ճաշի ժամից անց»! Հոբելյարի կենսագրությունը հարուստ է տարբեր դրվագներով. փայլուն երգիծաբանի և արվեստագետի փառք, երգիծանքի թատրոնի և էստրադային երգիծանքի կենտրոնի ստեղծում` XIX-րդ դարից սկսած էստրադայի պատմության եզակի հավաքածուով: Նա հանդես է եկել որպես հանդիսավար «Голубой огонек», «Вечер юмора», «Аншлаг» և «Смехопанорама»նախագծերում և հեռուստահաղորդումներում:
Յուրաքանչյուր մասնագիտության մեջ պետք է լինել արհեստավարժ
Դա կարծես «երկուսին գումարած երկու` հավասար է չորսի» գումարումը լինի: Եվ տարօրինակ է անգամ այս հարցի շուրջ վիճել կամ որևէ հակադիր միտք արտահայտել: Ըստ իս` էստրադայից և առավել ևս հեռուստաէկրանից հերյուրանքով խոսելը ոչ միայն ստեղծագործական հանցագործություն է, այլև մեծ մեղք: Ես հավատացյալ եմ և դա մեղք եմ որակում: Դա կյանքի ժողովրդավարական հասկացությունների տեսանկյունից ուրիշի ազատության խախտում է: Ուկրաինայում մենք արդեն ականատես ենք նման դաստիարակության արդյունքների: Քանի որ, եթե կարելի է հերյուրանքներ օգտագործել, ապա կարելի է նաև դեմքին հարված հասցնել, ծեծկռտուք սկսել, կարելի է նաև խախտել այլոց ազատությունները: Հետո ամենը վերածվում է….ամենը աճում է, վերաճում է: Արտիստներն անձամբ դա չեն անում, բայց խթանում են դրան: Մենք դաստիարակում ենք երիտասարդություն, որն անտարբեր կլինի ամեն ինչի նկատմամբ: Անտարբեր են իրենց պետության, հայրենիքի, հասարակության, կանանց հանդեպ, որոնց հասցեին կարելի վատ խոսքեր հնչեցնել: Դա արդեն անընդհատելի գործընթաց է: Եթե բացենք շշի կափարիչն ու այնտեղից դուրս թողնենք ջինին, ապա նրան հետ բերելը դժվար թե ստացվի: Ներկայումս Աստված մեզ ընտրության հնարավորություն է տվել, կարելի գնալ մի ուղիով, որը տանում է դեպի այս աշխարհի կործանումը, կարելի է նաև այլ ուղիով շարժվել` հասնելով բոլորի համար նորմալ կյանքի: Բայց դա պահանջում է մեզնից ճիշտ որոշումներ կայացնել: Ինչու՞ են տրված տասը պատվիրանները: Որպեսզի՞պարզապես Աստվածաշնչում տպագրեն: Դրանք տրված են, որպեսզի մենք ճիշտ կողմնորոշվենք: Աստված մեզ օգնում է դրանք ճիշտ կյանքի կոչել, իսկ մենք ամեն կերպ ցանկանում ենք դրանք չնկատել: Մենք ձևացնում ենք, թե հավատացյալ ենք, գնում ենք եկեղեցի, իսկ այնտեղից դուրս գալով` սկսում նման արարքներ իրականացնել: Հետո էլ երկխոսում ենք` կարելի է սա անել, թե ոչ: Խելահեղներ, պարզապես խելահեղներ:
Ծնողների և հայերի մասին
Անգին տատս հավատացյալ էր: Նա և Զառա հորաքույրս երբեմն ակնարկում էին (չնայած նրան, որ հայրս և մայրս ինձ դաստիարակում էին հավատքի հանդեպ առանց որևէ վերաբերմունքի, այդ ամենն արդեն արգելված էր): Նշում էինք զատիկը և այլ տոներ: Մայրս ու հայրս աշխատում էին, իսկ ես օրերով տատիկիս մոտ էի, հենց նա էր ինձ հետ խոսում և հայերեն, և ռուսերեն: Հայրս տատիկի հետ հայերեն էր խոսում, իսկ ես լսում էի նրանց: Հայրս անընդհատ ասում էր. «Ե’կ սովորեցնեմ քեզ տառերը, որովհետև դա պետք կգա քեզ»: Բայց, ցավոք, դա այդպես էլ տեղի չունեցավ: Այդպես էլ չսովորեցի: Հիմա փորձ չունեմ, այդ իսկ պատճառով էլ վախենում եմ որևէ բան սխալ ասել: Ես մաքրասեր եմ, չեմ սիրում ոչ ճիշտ խոսք: Ինձ հաճելի չէ, երբ սխալներով են խոսում, ոչ ճիշտ հոլովներ օգտագործում: Ընդ որում, բաքվեցի հայերն ունեն իրենց բարբառը, երևանցիներն` իրենցը: Բայց բոլորն իրար հասկանում են, տարբերությունն այդքան զգալի չէ: Երբ արագ են խոսում, ոչ բոլորը կարող եմ ընկալել, բայց երբ դանդաղ է խոսքը` ամենը լսում և ընկալում եմ, բայց փորձ չունեմ: Մոսկովյան հայերի միջոցով կապը Հայաստանի հետ միշտ էլ եղել է: Դեռ 60-ականներին համալսարանի հայ ուսանողների ակումբը հիասքանչ երեկոներ էր կազմակերպում, երբ դահլիճում հավաքվում էր հայ հանդիսատեսը, իսկ բեմում` հայազգի աստղերն էին: Միշտ վարում էի այդ երեկոները, կար շփվելու հնարավորություն: Այնտեղ ներկա էին նաև շատ նշանավոր մարդիկ: Մարշալ Բաբաջանյանը, Բաղրամյանը հաճախում էին այդ երեկոներին: Հանդիպում եմ Միքայել Տարիվերդիևին և հարցնում. «Ի՞նչն է բերել Ձեզ այստեղ»: Իսկ Ձե՞զ: Ախ, Դուք հայ եք»: Տեր Աստված, ես դա չգիտեի: Այնտեղ ամուսնանում էին, հանդիպում իրենց ճակատագրին, ծանոթանում: Ահա այսպսի շփման մթնոլորտ էր այնտեղ, դա իսկական ակումբ էր, որտեղ մարդիկ հանդիպում էին իրար: Այժմ նման համախմբող գործառույթ իրականացնում է մեր եկեղեցին: Արքեպիսկոպոս Եզրասը, ում բոլորը շատ սիրում են, հիասքանչ մարդ է, բոլորը նրան աստվածացնում են: Նա մեր համախմբող ուժն է, Հայաստանի հետ կապը:
Ստեղծագործական կենսագրության ամենատպավորիչ համերգը
Ստեղծագործական կլոր տարեթվերը` բեմում 25 տարին, 30-ը և 50-ամյակս միշտ տոնել եմ բեմում: 60-ամյակը ևս բեմում եմ տոնել, բայց միշտ ներկայացրել եմ նոր համարներ: Ներկայացրել եմ հանդիսատեսի դատին արդիական թեմաներ: Այսպես, օրինակ, էստրադայում 25-ամյակիս (1987թ.) սկզբունքայնորեն նոր համարներ եմ ներկայացրել, նոր սերնդի համարներ, երբ արդեն կար երգիծանքը, երբ չէին վախենում խոսել գլխավոր քարտուղարի մասին: Ես առաջինն էի, ով խոսեց կուսակցության, Լենինի մասին: Հետագայում հորինեցի գեղարվեստական հնարքներ հաջորդ հոբելյանների համար: Այսպես, արտիստների կերպարանափոխումն էր, երբ ասեցի, որ բեմից պետք է շնորհավորեն ոչ թե արտիստները, այլ նրանց հերոսները: Դա ես էի մտածել 50-ամյակիս: Ավելի քան հարյուր նորամուծություն ունեմ, թե էստրադային բեմի վրա, և թե հեռուստատեսությունում: Եվ երբ լսում եմ ինչ-որ բան, միանգամից կռահում եմ, թե որտեղից է: Այդ դեպքում ասում եմ. «Օ, սա իմն է: Ապրում եմ»: Ինքնահաստատման կարիք չունեմ, կարիքը չունեմ նաև, որ ինձ գովաբանեն: Այդ ամենն ինձ հարկավոր չէ, ես ինքնաբավ մարդ եմ: Ամեն անգամ ինչ-որ մի նոր մտահղացում ունեմ: 60-ամյակիս բեմում ներկայացրի այն ժամանակ երիտասարդ «Кривое зеркало» նախագիծը, թատերական իմաստով այն բավականին գունեղ ստացվեց: Դա իսկական թատերականացված երգիծանք էր: Արդյունքում ես ձեռք բերեցի ամենահզոր համերգային ծրագիրը: Եվ այդ մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին և 11-ին «Մերիդան»դահլիճում: Ցանկանում եմ հանդիսատեսին ներկայացնել հերթական համարներս: Չգիտեմ, թե արդյոք Ատված ինձ բավարար ուժ կտա հետագայում ևս իրականացնել նման մենահամերգներ: Չէ որ հիմա այդքան էլ հեշտ չէ, շատ դժվար է: Բայց հիմա ես լավ վիճակում եմ, փառք Աստծո: