Հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է Բաշնեֆտի գործով, ազատվել է տնային կալանքից: Խափանման միջոցը փոխարինվել է ՌԴ տարածքից չբացակայելու ստորագրությամբ: Դատարանն ընդունել է այս որոշումը, քանի որ հունիսի 15-ին լրացել է Հայրապետյանին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը:
Հիշեցնենք, որ 66-ամյա գործարարին ձերբակալել էին 2014թ.-ի հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում` ուրիշի ունեցվածքի յուրացման մեղադրանքով: 2014-ի սեպտեմբերից գործարարը գտնվել է կալանքի տակ երկրորդ գործով: Նա մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ: Այդ գումարը ենթադրվում էր ուղղել ցմահ բանտարկված Իզմեստևի դրական հեղինակության ձևավորմանը: Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը չի հաստատել այդ մեղադրական եզրակացությունը և հետ է ուղարկել գործը լրացուցիչ հետաքննության անցկացման նպատակով: