Նախօրեին ահաբեկիչների մի խումբ պայթյուն է իրականացրել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի թուրքական հատվածում, որը նախատեսված է «Շախ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազի` Թուրքիա մատակարարման համար: Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը:
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում Կարսի նահանգի Սարիղամիշ շրջանում: Պայթյունով պայմանավորված 100 մետր բարձրությամբ կրակասյուները տեսանելի են եղել մի քանի կմ հեռավորությունից:
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը պայթյունի մեջ մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին, այդուհանդերձ, այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ: Հարձակմանը մասնակից է եղել մոտ 20 զինված անձ: Պատահարի վայր են ժամանել անվտանգության ուժերի ստորաբաժանումները, բոլոր հարակից տարածքները անցել են ոստիկանության և ռազմական ուժերի վերահսկողության տակ:
«Այդ պայթյունը Թուրքիայի տարածքում ահաբեկչական ակտերի սերիայի շարունակությունն է, և այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրավիճակը երկրում ավելի է սրանում: Կատարվածի պատասխանատվությունը կրում է իշխող վերնախավը, որը բացեիբաց զինված պայքար է հայտարարել ՔԱԿ-ի դեմ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:
Նշենք, որ սա վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ պայթյունն է Սարիղամիշի շրջանում` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի թուրքական հատվածում: Կարսի նահանգում առաջին պայթյունը որոտաց օգոստոսի 4-ին: