
Ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական ընկերության հրապարակած զեկույցում կանխատեսվում է, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը կտեղափոխվի Հարավկովկասյան երկրներ` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ վրաց-օսական հակամարտությունից հետո Ռուսաստանն ամրապնդել է իր ռազմական ներկայությունը Հայաստանումև քաղաքականն ու տնտեսականը տարածաշրջանում: Այդուհանդերձ, չնայած այս իրավիճակին, Արևմուտքը մտադիր չէ ձեռքերը ծալած նստել և նպատակահարմար իրավիճակում ձգտելու է նպաստել արևմտամետ ուժերի իշխանության գալուն:
Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը RUSARMINFO-ի հետ զրույցում կասկածանք է հայտնել Stratfor-ի կանխատեսման իրատեսականության շուրջ:

«Ներկայումս Ռուսաստաի և Արևմուտքի միջև դժվար թե առճակատում լինի Հարավային Կովկասում: Նրանց միջև ընդհարումն արդեն իսկ տեղի է ունեցել վրաց-օսական պատերազմի ժամանակ, և Արևմուտքը կրել է պարտություն », — կարծում է փորձագետը:
Ըստ նրա, Հարավային Կովկասում գոյություն ունեն լարվածության կենտրոններ, բայց Ռուսաստանի դեմ առճակատման դուրս գալու համար Արևմուտքը պետք է միասնական լինի: Հարավային Կովկասի պարագայում Արևմուտքը չունի այդ միասնությունը, որն առկա է Ուկրաինայի հարցում:
«Արևմուտքը պարբերաբար փորձում է վատթարացնել Հարավկովկասյան պետությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ, և միակ երկիրը, որը ենթարկվեց Արևմուտքին, Վրաստանն է: Հայաստանը` Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, չի գնա Ռուսաստանի դեմ: Ադրբեջանը, ինչպես և ժամանակին Ուկրաինան, խաղում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակասություններից ելնելով, բայց, ինչպես հայտնի է, Ուկրաինան «վատ ավարտ ունեցավ»»,- նշել է Կոնովալովը:
Փորձագետն, ընդհանուր առմամբ, նշում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր է Արևմուտքի համար, այդ իսկ պատճառով Մոսկվային այս տարածաշրջանից դուրս մղելու փորձերը պետք չէ բացառել: «Բայց, ինչպես ասում են, ցանկանալը վնասակար չէ», — կարծում է փորձագետը:
Strategic Forecasting Inc. (Stratfor) – ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերություն: Այն հայտնի է որպես «ստվերային ԿՀՎ»: Հիմնադրվել է 1996թ.-ին ամերիկյան քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանի կողմից, ով մինչև օրս գլխավորում է այն: Ընկերությունը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկատվության հավաքագրմամբ և վերլուծությամբ: Տեղեկատվությունը ստացվում է ինչպես ԶԼՄ-ներից և բաց աղբյուրներից, այնպես էլ ընկերության սեփական աղբյուրներից: Հավաքագրված տվյալների հիման վրա ընկերության վերլուծաբանները պատրաստում են տնտեսական և աշխարհաքաղաքական կանխատեսումներ: