Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ինչ ուղղություն կընտրի Իրանը պատժամիջոցները վերացնելուց հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչ ուղղություն կընտրի Իրանը պատժամիջոցները վերացնելուց հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ

«RUSARMINFO»-ի մուլտիմեդիա սրահում տեղի ունեցավ « «Վեցնյակի» համաձայնագիրը Իրանի հետ. տարածաշրջանային հնարավոր փոփոխություններն ու համագործակցության նոր հնարավորությունները»  թեմայով մամլո ասուլիսը:

Վլադիմիր Կոզին: «Բացի Իրանից տարածաշրջանում ատոմային զենք ունեն Իսրայելն ու Թուրքիան»

Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) տնօրենի խորհրդականների խմբի ղեկավար Վլադիմիր Կոզինը, որակելով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկար սպասված և դրական քայլ, նշել է, որ, այդուհանդերձ, դրանք թույլ չեն տվել ամբողջությամբ վերացնել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն և ԵՄ-ն սահմանել էին Իրանի նկատմամբ անցած 35 տարիներին ընթացքում:

«Մինչև Վիեննայի համաձայնագիրն Իրանն արդեն իսկ հայտարարել էր, որ ատոմային զենք չի ստեղծելու, իսկ համաձայնագրից հետո նշել էր, որ զենքի պահուստի 98%-ը կոչնչացնի: Ընդ որում, Իսրայելն ու Թուրքիան ևս ատոմային զենք ունեն իրենց տարածքում: Պետք է բարձրացնել այս հարցը, այլապես Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու գաղափարը երբևէ չի դառնա իրականություն: Անընդունելի է երբևիցե ատոմային զենք չստեղծելու պահանջ դնել Իրանի առջև` միևնույն ժամանակ այն պահպանելով Իսրայելում և Թուրքիայում», — ասում է Կոզինը:

Բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները` Կոզինը նշել է, որ հայկական կողմի նախաձեռնողականությունն Իրանի հետ համագործակցության խորացման հարցում կարժանանա իրանյան գործընկերների արժանի գնահատականին: Բացի այդ, փորձագետը կանխատեսում է Իրանի և ԵՏՄ-ի միջև հնարավոր համագործակցության խորացումը:

Եվգենի Սատանովսկի: «ԱՄՆ-ն փոխարինեց իրանյան մտրակը կարկանդակով»

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Իրանի և «վեցնյակի» միջև կնքված համաձայնագիրը նշանակում է, որ Իրանը հաղթանակ է արձանագրել պատժամիջոցների վերացման բազմամյա պատերազմում: ԱՄՆ-ն, չկարողանալով Իրանին սաստել ճնշման միջոցով, վճռեց մտրակը փոխարինել կարկանդակով: Սատանովսկին նշել է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը դարձավ հետաքրքիր պետություն ներդրումների տեսանկյունից, բայց կանխատեսել Իրանի հետագա ընտրությունն արտաքին քաղաքականության հարցում բարդ է:

«Կան մի շարք ներդրողներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, որոնք ցանկանում են հաստատել տնտեսական համագործակցություն Իրանի հետ, բայց այս հարցում առավելություն ունեն այն պետությունները, որոնք համագործակցում էին Իրանի հետ պատժամիջոցների ռեժիմի ժամանակ: Առաջնահերթ դա Ռուսաստանն է, ինչպես նաև Հայաստանը: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք նրանք կկարողանան օգտագործել այդ առավելությունը: Անշուշտ, ամերիկացիներն ու եվրոպացիներն առավել հետաքրքիր են իրանցիների համար, քան Ռուսաստանն ու հետխորհրդային տարածաշրջանը: Թմրադեղերի և իսլամական ահաբեկչության դեմ պայքարը, թերևս, այն եզակի ոլորտն է, որտեղ Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս որպես իրական դաշնակիցներ», — ասում է Սատանովսկին:

Նրա կարծիքով, պատժամիջոցների վերացման համատեքստում կարող են ակտիվանալ հայ-իրանական հարաբերությունները: Դա հնարավոր է արաբական աշխարհում հայ համայնքի ներուժի միջոցով:

«Հայաստանը բացառիկ երկիր է, որն ունի լրջագույն կապեր ինչպես Իրանի, այնպես էլ արաբական այլ երկրների հետ: Բացի այդ, Ադրբեջանի հետ Իրանի բավականին լարված հարաբերությունները Իրանի տեսանկյունից Հայաստանը դարձնում են տարածաշրջանում համար առաջին երկիրը», — կարծում է Սատանովսկին:

Բայց, ըստ Սատանովսկու, չնայած պատժամիջոցների վերացմանը, Իրանը չի կարողանա դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որովհետև այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցությունների արդյունքում:

«Ադրբեջանը չի ընդունում Իրանի խորհուրդներն այս հարցում: Սա հենց այն դեպքն է, երբ Բաքուն զգուշավորություն է ցուցաբերում Թեհրանի հանդեպ»:

Ռուբեն Սաֆրաստյան: «Հայաստանը կարող է դառնալ ուրույն ուղեկցորդ ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության հարցում»

Երևանյան տաղավարում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը տեսակետ է արտահայտել, որ պատժամիջոցների վերացումն ու վերադարձը Մերձավոր Արևելքի մեծ աշխարհաքաղաքական խաղ միանշանակ Իրանի հաղթանակն է: Ըստ նրա` Իրանի դերը բարձրանալու է ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը զուգահեռ, ինչը բավականին ձեռնտու է Հայաստանին:

«Հայաստանը կարող է միջազգային ներդրողների համար դռներ բացել դեպի Իրան: Հայաստանում շատ ավելի հարմար է խոշոր ընկերություններին, այդ թվում նաև` արևմտյան, գրասենյակներ բացել, քանի որ Հայաստանում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված, քան Իրանում: Պատժամիջոցների վերացումը լավ հնարավորություն է բարձրացնելու Հայաստանի տնտեսական և քաղաքական դերը տարածաշրջանում», — նկատել է Սաֆրաստյանը:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` ժամանակի ընթացքում օրակարգում կարող է հայտնվել նաև Իրանի ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցը, և Հայաստանը կարող է դառնալ այդ գործընթացի ուրույն ուղեկցորդ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …