Հայաստանի երիտասարդական հավաքականը, եզրափակելով իր ելույթները Բասկետբոլի Եվրոպայի առաջնության “Բ” դիվիզիոնում, ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 30 հավաքանների ցուցակում:
“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հավաքականն առաջին անգամ էր մասնակցում մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հավաքականի գրանցած արդյունքները կարելի է գնահատել որպես դրական: Առաջին իսկ փորձից մեր հավաքականն առաջ է անցել Շվեյցարիայից, Ռումինիայից, Ավստրիայից: Կարծում եմ` ավելորդ է հիշեցնել, թե որքան դժվար է հաջողության հասնել թիմային սպորտաձևերում: Այստեղ անհրաժեշտ է երկար և տքնաջան աշխատանք, քանի որ գոյություն ունի շատ ուժեղ մրցակցություն”, — նշել է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Եվրոպայի առաջնության “Բ” դիվիզիոնի խաղերն անցկացվել են հուլիսի 9-ից 19-ը Վենգրիայում: Առաջին փուլում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ` 71:57 հաշվով, երկրորդ և երրորդ փուլերում այն զիջել է Մակեդոնիայի և Բելառուսի հավաքականներին: Մինչդեռ չորրորդ փուլում Հայաստանի հավաքականի մարզիկները 81:55 հաշվով հաղթանակ են տարել Մոլդովայի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հավաքականի ելույթներն առաջնությանը անցել են ռուսաստանցի մարզիչ Վիկտոր Ուսկովի ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականի ձևավորման գաղափարը պատկանում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանին: Ծրագրի նպատակն է` գտնել աշխարհով մեկ սփռված հայազգի տաղանդավոր երիտասարդ բասկետբոլիստների
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկներն արդեն իսկ մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, մասնավորապես` մինչև 15 տարեկանների բասկետբոլի միջազգային մրցաշարին (ոչ պաշտոնական Աշխարհի առաջնություն) և մինչև 20 տարեկանների Բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը: Նախատեսվում է նաև հավաքականի մասնակցությունը մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: