Ասելով երկու կողմեր` արդեն իսկ զգում ես որոշ անհարմարություն: Արդյո՞ք երկու կողմեր: Այսինքն, հակադիր ցանկություններ և նպատակներ հետապնդող կողմե՞ր: Մի՞թե և’ իշխանությունը, և’ ժողովուրդը (ըստ էության, հավանաբար, ողջ հայ ժողովուրդը) չունեն ընդհանուր նպատակ. այս պարագայում սահմանել էլեկտրաէներգիայի սպառման ոչ բարձր սակագին: Այն, որ իշխանություններն ունեն իրենց մեղքի բաժինը, որ էլեկտրաէներգիայի սակագինը ավելի բարձր է, քան հարևան երկրներում, կասկածի տեղիք չի տալիս: Բայց այն, որ իշխանությունները հեշտությամբ համաձայնեցին սակագնի բարձրացմանը, իսկ հետո էլ նույն հեշտությամբ հայտարարեցին, թե «ինչ արած, եկե՛ք աուդիտ անցկացնենք», միայն մեծացնում է իշխանությունների հանդեպ անվստահությունը: Բայց աուդիտ անցկացնելն այնքան էլ վատ գաղափար չէ: Կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ներկայացուցիչներ ընտրի նախաձեռնող խմբի անդամներից և սկսի համագործակցել իշխանությունների հետ: Չէ՞ որ եթե ընտրվեն ճիշտ հարցեր աուդիտի համար և ճիշտ աուդիտորներ (փորձագետներ), ապա հնարավոր կլինի ստանալ եզրակացություն, որն, ըստ իս, ի հայտ կբերի այս ոլորտի բոլոր խնդիրները` կապված և՛ ֆինանսների, և՛ տնտեսության, և՛ կառավարման՝ այդ թվում նաև կոռուպցիոն բաղադրիչի հետ: Ես ինքնս հարցերը կկազմեի հետևյալ հաջորդականությամբ.
- Ի՞նչ սակագին պետք է հաստատվի Հայաստանում մեկ կվտ/ժ. համար` հաշվի առնելով տարածաշրջանի միջին գները (համեմատելով հարևան երկրներում առկա սակագների հետ) և նկատի ունենալով Հայաստանի ռեսուրսները (առկա և պոտենցիալ էներգառեսուրսները):
- Ի՞նչ քայլեր է ձեռնարկել «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ն` «Հայկական էլեկտրացանցերի» սեփականատերը, իր գործունեության ընթացքում, որպեսզի հասնի այդ գնին (գործունեության գնահատում, բիզնեսի վարման նպատակահարմարություն):
Եվ եթե եզրակացության մեջ նշվի, թե առկա են հետևյալ դրսևորումները. 1. Ծառայություններ մատուցողի հետ պայմանագրերի կնքում, որոնք չունեն տնտեսական նպատակահարմարություն; 2. Վարկերի ներգրավվում, որոնք ձեռնտու կամ հիմնավորված չեն; 3. Բացահայտ բարձր աշխատավարձերի սահմանում և փոխանցում; 4. Դեբիտորական պարտքերի մարման հարցում անգործության դրսևորում կամ ոչ գործուն քայլերի իրականացում; 5. Չհիմնավորված ծախսեր կամ միջոցների վատնում; 6. Դրամական միջոցների ոչ նպատակային օգտագործում; 7. Սեփականության և այլ ակտիվների ոչ նպատակային օգտագործում; 8. Եկամուտներ թաքցնելը տարբեր մեխանիզմների միջոցով; 9. Ընկերության ղեկավարության և վերջնական շահառուի չհիմնավորված հարստացում; 10. Եվ, ի վերջո, որքա՞ն գումար չի ստացել պետությունը չվճարված հարկերի տեսքով: Եթե եզրահանգումը պարունակի այս հարցերի պատասխանը, ապա համոզված եմ, որ պետք է ընդունվի միանշանակ լուծում. խորհուրդ տրվի սահմանել էլեկտրաէներգիայի նոր սակագին` համապատասխան տարածաշրջանում առկա սակագնին: Այս դեպքում (ահա ևս մեկ փաստարկ աուդիտի անցկացման օգտին) կարելի է բարձրացնել սակագնի նվազեցման հարցը: Եվ չպետք է մոռանալ, որ անհրաժեշտ է մշակել աուդիտորի ընտրության մեխանիզմն ու չափանիշները: Նման չափանիշն առաջնահերթ աուդիտորի հայտնի և անկախ լինելու հանգամանքն է, խոսքը նրանց մասին է, ովքեր իրենց հեղինակությունը գնահատում են ոչ 1 միլիոն դոլարի չափով: Իհարկե, ըստ էության, աուդիտի արդյունքում կբացառվի սակագնի ավելացումը: Կարելի էր միջոցներ և ժամանակ չծախսել այդ գործընթացի վրա, որի համար կառավարությունը մտադիր է կոմպենսացնել «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ի շահույթը արդեն իսկ նոր սակագնի սահմաններում: Իհարկե, դա կարելի էր անել, բայց արդեն իսկ ժամանակն անցել է, և սա կրկին կառավարության մեղքն է: Ստեղծված իրավիճակում կա միայն մեկ լուծում` աուդիտի անցկացումը: Դրա արդյունքները հիմքեր կտան երկու կողմերին քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Չէ՞ որ կողմերից մեկին երբեք ուշ չէ վերադառնալ փողոց, եթե իշխանությունները չօգտագործեն իրենց հնարավորությունը և չգտնեն էլեկտրաէներգիայի խնդրի հանգուցալուծումը: Չէ՞ որ պետք է հասկանալ, որ հաջորդ անգամ դժգոհների թիվը շատ ավելի մեծ է լինելու: Ռուբեն Գրիգորյան, տնտեսական գիտությունների թեկնածու