Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանի վարկը. 8-ի փոխարեն Հայաստանը կստանա 15 միլիարդ ռուբլի

Ռուսաստանի վարկը. 8-ի փոխարեն Հայաստանը կստանա 15 միլիարդ ռուբլի

Իրավական տեղեկատվության ռուսաստանյան կայքը հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված սպառազինությունների գնման նպատակով 200 մլն դոլարի արտահանման վարկի տրամադրման մասին պայմանագրի տեքստը: Ըստ առաջին հոդվածի երկրորդ կետի` Հայաստանը պարտավոր է վճարումները կատարել ռուբլիով: Այսպես, դոլարի և դրամի հանդեպ ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում տրամադրվելիք վարկով Հայաստանը հնարավորություն է ստանում ձեռք բերել նախատեսվածից ավելի շատ զենք: Հայաստանի շահույթի մասին խոսում են մաթեմատիկական հաշվարկները, ասում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ազա Միհրանյանը: «Քանի որ ռուբլու փոխարժեքը նվազում է ինչպես դրամի, այնպես էլ դոլարի նկատմամբ, գնումների ծավալի մեծացումը արժեքի տեսանկյունից անխուսափելի է: Եթե հաշվի առնենք, որ ռուբլու փոխարժեքի տատանումները չեն ազդել սպառազինությունների գնի վրա, և դրանց արժեքն անփոփոխ է մնացել, ապա այստեղ ևս հայկական կողմը շահեկան դիրքերում է», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ազա Միհրանյանը:

Ըստ փորձագետի` Ռուսաստանը ևս շահող կողմ է, քանի որ ռուբլիով հաշվարկներին անցնելը կայուն եկամուտ է ապահովում ռազմական ձեռնարկությունների համար ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում: «Ռուսաստանի պաշտպանական համալիրի գնային քաղաքականության մասին բաց աղբյուրներ չկան, բայց կարելի է ենթադրել, որ ռուբլիով հաշվարկների պայմաններում գները դոլարային համարժեքից ավելի կայուն են: Հենց այս կայունության համար էլ պայմանագրում ներառված է ռուբլիով հաշվարկներին անցնելու կետը», — նշել է Ազա Միհրանյանը: Նշենք, որ մեկ տարի առաջ 1 դոլարի դիմաց 40 ռուբլի փոխարժեքի պայմաններում 200 մլն դոլարը կազմում էր 8 մլրդ ռուբլի, իսկ ներկայիս 1 դոլարի դիմաց 75 ռուբլի փոխարժեքի պայմաններում ռուսաստանյան վարկը կազմում է արդեն 15 մլրդ ռուբլի: Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է հարձակողական բնույթի սպառազինություններ և ռազմական տեխնիկա, ինչպիսին են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրը, ՏՕՍ-1Ա «Բուրատինո» համակարգը, ՌՊԳ-26 նռնակները, Դրագունով դիպուկահարային հրացանններն ու «Տիգր» զրահամեքենաները:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …