Ռուսաստանը երբևէ հատուկ ուշադրություն չի դարձրել ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1921թ. կնքված Կարսի պայմանագրին: Միայն մեկ անգամ պատմության մեջ` 1943 թվականին, Իոսիֆ Ստալինը փորձ է կատարել չեղարկել Կարսի պայմանավորվածությունները, բայց դեմ է առել հակահիտլերյան կոալիցիայի դիմադրությանը:
Ի պատասխան ռուսաստանյան Սու-24 օդանավի խոցմանը` Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների ընդունումից հետո ռուսաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում կրկին սկսել են խոսել Կարսի պայմանագրի հնարավոր չեղարկման մասին:
Ըստ ռուսաստանցի ռադիոմեկնաբան, պատմաբան և հրապարակախոս Արմեն Գասպարյանի` Անկարան դեռևս չի գիտակցում հնարավոր հետևանքների ողջ բարդությունը:
«Չեղարկումը Թուրքիայի համար մեծ աշխարհաքաղաքական աղետի կվերածվի, քանի որ թուրքական պետականությունն այն տեսքով, որով գոյություն ունի այսօր, մեծ մասամբ Կարսի պայմանագրի արդյունքն է: Անկարան առնվազն պատրաստ չէր, որ որևէ մեկը Ռուսաստանում կսկսի քննարկել չեղարկման հնարավոր հեռանկարների հարցը» — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Արմեն Գասպարյանը:
Ռուսաստանցի փորձագետը չի բացառում, որ Թուրքիայի ներկայիս պահվածքից ելնելով` Կարսի պայմանագրի չեղարկումը Ռուսաստանում կարող է դառնալ լայն հասարակական քննարկման թեմա:
«Եթե Ռուսաստանում այս թեման սկսեն զարգացնել, ապա չեմ բացառում, որ կսկսի գործել դանդաղ գործարկման ռումբը: 1992-ից սկսած այդ պայմանագիրը այս կամ այն աստիճանով քննարկում են վրացի քաղաքական գործիչները: Հասկանալի պատճառներով հիմա այն սկսել են քննարկել նաև Ռուսաստանում», — նշել է Գասպարյանը:
Նշենք, որ ստորագրված Կարսի պայմանագրով Թուրքիային է անցել Հայաստանից մոտ 30 հազ.քկմ տարածք: Փաստաթուղթը վավերականության ժամկետ չունի: Երևանը չի վավերացրել Կարսի պայմանագիրը` չճանաչելով Թուրքիայի և Հայաստանի միջև ներկայիս սահմանը: