Այսօր Բաքվում նախատեսված է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկման գլխավոր թեման երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարցն է, հաղորդում է «Коммерсант»-ը: Ըստ աղբյուրի` էներգառեսուրսների գների անկման պատճառով Բաքուն ի վիճակի չէ վճարել նախկինում կնքված զենքերի գործարքների դիմաց: Ըստ ռազմական փորձագետ Իվան Կոնովալովի` ծագած խնդիրը շատ պարզ է. Ռուսաստանն արդարացիորեն ցանկանում է ստանալ Ադրբեջանին տրամադրած զենքերի գումարը:
«Նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի վճարողունակությունն ընկել է, բայց ռուսաստանյան ռազմական արտադրությունը շարունակում է գործել, ռազմական նշանակության արտադրանքը մատակարարվում է Ադրբեջան, պայմանագրերը կնքված են վաղուց, և Բաքուն պետք է վճարի այդ գործարքների դիմաց», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իվան Կոնովալովը: Ըստ նրա` Սառը պատերազմի ժամանակը, երբ պետությունները ստանում էին անվճար զենք և ռազմական տեխնիկա, վաղուց անցել է, և Ադրբեջանը պարտավոր է հավուր պատշաճի կատարել իր վրա վերցված պարտավորությունները: «Ռուսաստանը դժվար թե սակարկումների գնա զենքերի վաճառքի հարցում Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս կատարի իր վճարումները: Առավել հավանական է երկարաձգել վճարների մարման ժամկետը: Բայց եթե Բաքուն չկարողանա վճարել, ապա Մոսկվան կվաճառի այդ զենքերը այլ երկրներին` տնտեսական վնասից խուսափելու նպատակով»,- նշել է փորձագետը:
Ադրբեջանի վճարողունակության անկման ֆոնին կբարձրացվի Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու դիմաց տրված վարկի հարցը: Բայց Ռուսաստանը չի փոխի իր դիրքորոշումը: Բացի այդ, փորձագետի համոզմամբ, եթե Բաքուն չկարողանա ստանալ այդ զենքերը, ապա դա չի հանգեցնի Հայաստանի ռազմական առավելության մեծացմանը, քանի որ մատակարարված զենքի մեծ մասի դիմաց Բաքուն արդեն վճարել է: Հիշեցնենք, որ 2011-14թթ. Բաքուն և Մոսկվան 4 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել հարձակողական բնույթի սպառազինության և ռազմական տեխնիկայի առուվաճառքի շուրջ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել են S—300PMU—2 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի, մի քանի «TOR-2ME» տեսակի զենիթա-հրթիռային համակարգերի, 100 միավոր ռազմա-տրանսպորտային ուղղաթիռների, 100 Т-90С տանկերի և 100 միավոր ՀՄՄ3-ի, 18 միավոր «MSTA-S» տեսակի ինքնագնաց հրետանային համալիրի և 18 TOC-1A «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետ համակարգերի ձեռքբերման մասին: