2015-ի վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը նախաձեռնել է Հայաստանի հետ մաքսազերծման գործընթացի օպտիմալացում: Գերատեսչությունն իր տարածաշրջանային ներկայացուցչությունների միջոցով դիմել է բեռներ փոխադրողներին` իրականացնել մաքսային տարանցիկ փոխադրումները բեռն ուղարկողի գրանցման վայրում կամ տարածաշրջանում:
Ռուսաստանի Կենտրոնական մաքսային վարչության մամլո ծառայությունից RUSARMINFО-ին հայտնել են, որ նման որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիսօսիական մաքսատան Վերին Լարսի բազմակողմ անցակետի գերծանրաբեռնվածությամբ, որն, աշխարհագրական դիրքից ելնելով, դեպի Հայաստան և հակառակն ապրանքների փոխադրման միակ միջանցքն է:
Ռուսաստանի Մաքսային ծառայության հանձնարարականը`ապրանքների ներբեռնման տեղում բացել մաքսազերծման գործընթացներն անցնելու համար անցակետեր, զգալիորեն կարագացնի Վերին Լարսում ապրանքների մաքսազերծման գործընթացը. Տեղում հայտագրումից և մաքսատուրքի վճարումից հետո այլևս անհրաժեշտ չի լինի սահմանին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:
ԿՄՎ մամլո ծառայությունից հայտնել են, որ տարանցիկ փոխադրման գործընթացը կարող է իրականացնել ցանկացած տարածաշրջանային մաքսակետ, բացառությամբ այն մաքսակետերի, որոնք օժտված են բացարձակ իրավասությամբ այս կամ այն ապրանքի մաքսազերծման հարցում:
Համաձայն Ռուսաստանի մաքսային ծառայության ուսումնասիրությունների, 2015-ի առաջին կիսամյակում միության ապրանքների 80 տոկոսն անցել է հայտագրված մաքսային ընթացակարգերը Վերին Լարսի անցակետում, ինչի արդյունքում անցակետի անցանելիության նորման եռակի գերազանցվել է: