Ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը զուգահեռ օր օրի ավելի է շիկանում իրավիճակը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին: 1994-ին` Ադրբեջանի խնդրանքով հրադադարի ստորագրումից ի վեր, հակառակորդը հայկական դիրքերի գնդակոծության նպատակով սկսել է կիրառել լայն տրամաչափի զենքեր և տանկեր: Այս մասին բազմիցս տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հարևան պետության կողմից ագրեսիայի դրևսորման աճի մասին նախօրեին խոսել է նաև ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի նիստին:
Ղարաբաղյան գոտում լարվածության աճն ու ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը նույն շղթայի կապերն են, — ասում է Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան:
«Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հաջողություններին անխուսափելիորեն կհետևեն ՌԴ-ի հակառակորդների պատասխան գործողությունները: Եթե Ռուսաստանի տարածքում պետք է պատրաստ լինել ահաբեկչական գործողությունների աճին, ապա Հարավային Կովկասում մեր հակառակորդները կփորձեն հարված հասցնել առավել խոցելի և աշխարհաքաղաքական տեսանկյունից ռազմավարական կետերին: Առաջին հերթին, դրանք են ԼՂՀ-ն և Հարավային Օսիան», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Յանա Ամելինան:
Ըստ փորձագետի` ղարաբաղյան գոտում իրավիճակի սրումը կարող է լինել այդ նախագծի միայն առաջին գլուխը: Կախված տարբեր հանգամանքներից` Ադրբեջանը հնարավոր է սադրանքներ գործադրի նաև լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ուղղությամբ: Ստատուս-քվոյի պահպանումն արդեն այսօր առաջ է բերում մեծ կորուստներ, իսկ մոտ ապագայում այն պահպանելը կլինի անհնար:
«Հակամարտության վերականգնմանն ուղղված ուղիղ սադրանքներ հրահրող Ադրբեջանի վճռականությունը զգալի առումով պայմանավորված է պաշտոնական Անկարայի բացահայտ և թաքուն աջակցությամբ: Բաց աղբյուրները, Բաքվի մամուլը պատկերում են Ադրբեջանի և Թուրքիայի այնպիսի հուզիչ միասնություն, որ Ադրբեջանի հետագա ճակատագիրը ավելի շատ հարցեր է առաջ բերում»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցը:
Բայց, ըստ նրա, միանշանակ չի կարելի ասել, որ լարվածությունն աճել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո:
Փորձագետի դիտարկումներով` վերջին 3-4 տարիներին լարվածության աճը կրել է ցիկլիկ բնույթ, հատկապես, սրվելով ամռանը և ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի հետ սահմանին: Հետևաբար, հավանական է, որ ռուս-թուրքական լարվածությունը չի ազդում ԼՂՀ-ում իրավիճակի սրմանը:
«ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիային դեռևս չի հաջողվել ուղղակիորեն ազդել ղարաբաղյան հակամարտության վրա: Անկարան ազդեցություն է գործադրում միայն` ելնելով Ադրբեջանի հետ իր կառուցած հարաբերություններից և ցուցաբերելով ռազմատեխնիկական աջակցություն: Ընդ որում` Ադրբեջանը չի գնա լայնամասշտաբ առճակատմանը, անգամ եթե որոշակի աջակցություն ստանա Թուրքիայից », — համոզված է Կոնստանտին Տասիցը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 4 հայ զինվորական: Ադրբեջանը ևս 4 կորուստ է ունեցել, բայց, շատ փորձագետների կարծիքով, զոհվածների թիվն ավելին է, իսկ Բաքուն շարունակ թաքցնում է իրական պատկերը: