«Eco Technology» հայկական ընկերության արտադրած «Aquasource» անվանումով վերամշակված հատիկները հրաշագործ ազդեցություն ունեն: Ընկերության տնօրեն, գիտնական Աշոտ Բաղդասարյանի խոսքով պարարտանյութը կարող է հողից կլանել հավելյալ խոնավություն և ապահովել բույսերը ջրով: Բացի այդ, վերամշակված հատիկները լուծարվում են հողի մեջ` պահպանելով կարևոր հանքային նյութեր և սնելով բույսի արմատները:
Նոր պարարտանյութը ոչ միայն խոնավեցնում, այլ նաև չեզոքացնում է ավելորդ հեղուկը` թույլ չտալով արմատներին փտել: Այն ամբողջությամբ լուծարվում է հողում:
Ներկայումս հայաստանցի հողամշակողներն պարարտանյութն օգտագործելու փորձաշրջան են սկսել: Բացի այդ, այն հետազոտության փուլում է մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում, որոնց թվում են` Համաշխարհային բանկի ծրագրերը, Վայրի բնության WWF հիմնադրամի Թռչկանի շրվեժի կիրճում ծառերի տնկման ծրագիրը, ինչպես նաև Սևանի ափին պտղատու այգու ստեղծման շուրջ UNIDO-ի նախագիծը:
Հայտնագործությունն արդեն հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Իրանում: «Aquasource»-ն արտադրող ընկերությունը մտադիր է այն կոմերցիոն նպատակներով արտահանել այլ երկրներ: Նախատեսվում է ընդլայնել արտադրությունը 1,5-ից մինչև 15-20 տոննա ամսեկան կտրվածքով:
Նշենք, որ 1 հա հողին անհրաժեշտ է 90 կգ պարարտանյութ, որը կազմում է մոտ 3 գ. յուրաքանչյուր բույսի համար, իսկ վերամշակված հատիկների օգտագործումը բարձրացնում է բերքատվությունը 40-ից 60%-ով: