Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Անաստասիա Գալուստյան. Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհին դարձել է դատավորների կողմնակալ վերաբերմունքի զոհը ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անաստասիա Գալուստյան. Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհին դարձել է դատավորների կողմնակալ վերաբերմունքի զոհը ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 25-ից 31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացրել են երկու գեղասահորդ` Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը: Անաստասիա Գալուստյանը մենասահքում ստացել է 143.05 միավոր` զբաղեցնելով 15-րդ տեղը, իսկ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է 31-րդ տեղը` ստանալով 46.71 միավոր: Մենասահորդուհու միավորները միտումնավոր են իջեցվել, համոզված է Անաստասիայի հայրը` Գեորգի Գալուստյանը, ով նաև դստեր մարզիչն է: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան ևս համարում է, որ Անաստասիա Գալուստյանի ելույթը գնահատվել է ոչ արդար:

«Նման գեղեցիկ ելույթից հետո դատավորները կարող էին որոշում ընդունել Անաստասիայի օգտին, բայց, չգիտես ինչու, նրանք հակառակն արեցին», — մեկնաբանելով Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհու ելույթը` նշել է Տատյանա Տարասովան: Ներկա մասնագետների մեծ մասը նշել են գեղասահորդուհու նկատմամբ ճապոնացի դատավոր Շինա Ամանոյի կողմնակալ վերաբերմունքի մասին: «Պարզ ասած, ճապոնացին միտումնավոր բծեր է փորձել գտնել Անաստասիայի ելույթի մեջ և արդյունքում շատ ցածր միավոր նշանակել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գեորգի Գալուստյանը: Հատկանշական է, որ ճապոնացի դատավորի օգնականը հայազգի Սարգիս Թևանյանն էր, ով նույնիսկ չի փորձել ընդդիմանալ Ամանոյին: «Սարգիս Թևանյանն արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում է Լեհաստանում, և նա արդյունքում ոչինչ չցանկացավ անել` իրավիճակը հարթելու համար: Արդյունքում, լավագույն հնգյակում հայտնվելու փոխարեն` Անաստասիան զբաղեցրեց 15-րդ տեղը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհիների նկատմամբ անարդար վերաբերմունքի և միավորների նվազեցման պատճառը մասնագետները համարում են այն, որ դատավորների շրջանում չկան Հայաստանի ներկայացուցիչներ:

Այս առումով Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից RUSARMINFO-ին հայտնել են, որ արվում է հնարավորը, որպեսզի հաջորդ մրցաշարերին ներկայացված լինի միջազգային դասի առնվազն մեկ հայաստանցի դատավոր: Դա կհեշտացնի տեխնիկական մասնագետների որոշման առարկումը: Ողջ հարցը գեղասահքին տրամադրվող գումարի չափն է, վստահ է Անաստասիա Գալուստյանի մարզիչը: Կողմնակալ մոտեցման հարցը կարելի է լուծել` մեծացնելով Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ֆինանսավորումը. որքան մեծ է երկրի ներդրումը Գեղասահորդների միջազգային միությունում, այնքան ավելի ազդեցիկ է երկիրը: «Ռուսաստանի գեղասահքի ազգային թիմի մեկ անդամի աշխատավարձը մեկ սեզոնի համար հավասար է հայկական ֆեդերացիայի տարեկան բյուջեին, և մեծ մասամբ, գեղասահորդները ծախսերը փակում են սեփական գրպանից», — նշել է Գեորգի Գալուստյանը: Բայց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը վստահեցրել է, որ Հայաստանը ներկայացնող լավագույն գեղասահորդները ստանում են աշխատավարձ, ֆեդերացիան հոգում է նաև նրանց ուղևորումների ծախսերը: Նշենք, որ 16-ամյա Անաստասիա Գալուստյանը ներկայացնում է Հայաստանը, բայց բնակվում և մարզվում է Մոսկվայում, և չնայած Բրատիսլավայում արձանագրած արդյունքի, 2016-ի փետրվարի 12-ից 21-ը ԱՄՆ-ում նա մասնակցելու է ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …